Մեր պապերը մեզ արժեքավոր ժառանգություն են թողել / Անահիտ Սարիբեկյան
Եռաչափ մոդելավորող Անահիտ Սարիբեկյանի հետ զրուցել ենք արվեստի, ինչպես նաև բնագավառում առկա բացերի մասին.
Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետն ավարտելուց հետո կանգնած էի այն հարցի առջև, թե ի՞նչ ուղղությամբ սկսել աշխատանքս և առաջին քայլերն արեցի համակարգչային դիզայնի ոլորտում, իսկ հետո եռաչափ մոդելավորման։
Ինչու՞ ընտրությունը կանգ առավ հենց եռաչափ մոդելավորման վրա։
Որոշեցի փորձել, ու ընթացքում հասկացա, որ քանդակներ, մարդկանց դեմքեր ստեղծելը ինձ մոտ լավ է ստացվում և ընդունվեցի աշխատանքի մուլտ ոլորտում, հմտություններս ավելի զարգացրի ու նոր ծանոթություններ հաստատեցի։ Ու քանի որ ես միշտ համագործակցություններ ունեմ ու ընդունում եմ պատվերներ միշտ մտածում էի, որ մի օր պիտի ունենամ իմը։ Ինձ համար միշտ կարևոր է եղել ազգայինը , այդ գաղափարական հենքի վրա ինչ-որ բան անելը , հենց այդպես էլ սկսեցի «Անահիտ արվեստի անկյուն» անվամբ իմ գործունեությունը։
Սովոտաբար արվեստագետները ունենում են մի անկյուն, որը ամենից շատն են սիրում։ Ո՞րն է Ձեր անկյունը։
Ես շա՜տ սիրում եմ մեր գյուղի տունը, այգին և միշտ գնում եմ, նստում ծառերի տակ, գետի ափին։ Պարտադիր ամեն շաբաթ պետք է գնամ բնության գիրկը, թե չէ կխելագարվեմ (ծիծաղում է)։ Միայնակ սարերն եմ բարձրանում, շրջում ու դա բավական մեծ ու դրական էներգիա է տալիս:
Նաև թանգարաններ եմ շատ սիրում, այդ միջավայրում ինձ հանգիստ եմ զգում։
Եթե փորձեմ ամբողջական ասել, փաստորեն, իմ սիրելի անկյունները բնությունն է ու թանգարանները։
Պաբլո Պիկասոն ասել է՝ «Արվեստի նպատակն է մեր հոգուց մաքրել առօրյա կյանքի փոշին»…
Այո, ու ամեն անգամ, երբ գնում եմ սարեր ու ձորեր, մեր գյուղի պապական տուն, ա՛յ, հենց այդ փոշին եմ փորձում մաքրել։ Անգամ ընտանի կենդանիների հետ եմ նստում։ Վերջերս գնացել էի ու նստել կովերի հետ(ծիծաղում է):
Բնությունը ձգողական ուժ ունի ու անընդհատ ուզում եմ գնալ, կտրվել բոլորից ու մտքերս ի մի բերել։
Առավել աբստրա՞կտ ոճն եք նախընտրում, թե՞ այլ գուցե դիմանկարային…
Աբստրակտի հետ այդքան սեր չունեմ։ Շատ սիրում եմ դիմանկարներ, բնություն, վառ գույներ ու նաև ռետրո ոճն եմ սիրում։ Խելագարվում եմ հին տների, դռների, պահարանների համար։ Թանգարաններում հին իրեր տեսնելիս չեմ կարող բացատրել, թե ինչ դրական լիցքեր եմ ստանում։ Փորձում եմ դրանք փնտրել, նկարել ու ասես ամեն անգամ մի նոր բան վերցնեմ ինքս ինձ համար։
Կա՞ մի զարդ, որը ամենաշատն եք սիրում։ Պատմեք դրա մասին։
Սևացած, հնացած տեսք ունեցող զարդեր եմ սիրում, որոնք որքան հնանում, ավելի են արժեվորվում։
Իմ զարդերից շատ սիրում եմ տիեզերքի մոդելը։ Ինչպես գիտենք Լճաշենի պեղումների ընթացքում գտնվել է աշխարհում ստեղծված տիեզերքի առաջին մոդելը, որը ունի մոտ չորս հազար տարուց ավելի պատմություն և մենք առաջինն ենք աշխարհում, որ տվել ենք տիեզերքի մոդելը։ Հենց այդ պատկերով է՝ ներքևի հատվածում երկրագունդն է, որ շրջապատված է ջրային և մթնոլորտային շերտերով, մեջտեղի հատվածում կենաց ծառն է, շուրջը՝ հինգ գլխավոր մոլորակները և լուսինը, իսկ վերևում արևն է։ Ինձ համար սա հպարտություն է, և յուրաքանչյուր հայ այս զարդը պետք է հպարտությամբ կրի, չէ՞ որ սա մեր պապերից մեծ ժառանգություն է։
Հաջորդը արևախաչն է՝ հավերժության խորհրդանիշը։ Այն խորհրդանշում է արև, սեր, հավերժություն։ Նաև հնում զինվորները պատերազմ գնալիս իրենց հետ վերցրել են արևախաչը, քանի որ վստահ են եղել, որ իրենց կպաշտպանի։
Ո՞րն է արվեստագետի հաջողության հասնելու գրավականը ըստ Ձեզ։
Արվեստի մարդը նախ պիտի փոխկապակցված լինի տիեզերքի, բնության հետ, որովհետև այս ամենը գործում են ասես միմյանց փոխկապակցված։ Ինձ հետ շատ է պատահել, երբ չեմ իմացել ինչ անել ու ինչպես և պատասխանը ասես գտել եմ հենց այդ կապից՝ կապից դեպի տիեզերք և բնություն։ Հաջողության հասնելու համար պետք է անկեղծ լինել ու սիրել կատարած աշխատանքը և լինել այդ աշխատանքի արժեքների կրողը։ Պետք է պարզապես լավ բան անել, որովհետև, երբ լավ բան ես անում քո հետևից գալիս են։
Ի՞նչն է Ձեր հաջողության գրավականը։
Երևի նախ այն, որ ես շատ եմ սիրում ուսումնասիրել, պրպտել ու նոր բաներ բացահայտել։ Միշտ հետաքրքրվել եմ մեր մշակույթով, բնությամբ, տիեզերքով։ Նաև միշտ անկեղծ եմ իմ լսարանի հետ ու ուրախությամբ կասեմ, որ դա գնահատվում է։ Միշտ ուզում եմ գտնել նորը, գեղեցիկը նկարում կամ լուսանկարում եմ ու փորձում դա փոխանցել մարդկանց։
Ցավոք ապրում ենք ծանր ժամանակներում և այսօր վտանգի տակ է նաև մեր մշակույթը, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պայքարել և պահել սեփականը։
Այո՛, իրականում ապրում ենք դժվարին օրեր։ Խնդիրներ և բացեր շատ-շատ կան, սկսած դպրոցներից ավարտած բարձր գերատեսչություններից։Ցավոք, այսօր մենք մեր երեխաների արժեհամակարգի մեջ չենք ներդնում ազգայինն ու արժեքավորը։ Որպես օրինակ քննենք այն, ինչ այսօր տեսնում են մեր երեխաները հեռուստաէկրաններին։ Շատ է պատահում, երբ ծնողները երեխաներին պարզապես չեն կարողանում կտրել հեռուստացույցից կամ հեռախոսից ու նրանք գրեթե օրվա մեծ մասը վատնում են այդ ամենի վրա, փոխարենը զարգացնելու գիտակցական մակարդակը։ Մենք այսօր ունենք արժեհամակարգային խնդիր և եթե շարունակենք այս տեմպերով, ապա շատ ավելի խորը ճգնաժամի մեջ ենք ընկնելու։ Որպեսզի խուսափենք այս ամենից ամենքս պետք է մեր ներդրումը ունենանք դեպի ազգայինը հետ բերելը, վերադարձը դեպի արմատներ։ Նախ մենք պետք է գնահատենք ու փոխանցենք սերունդներին այն հարստությունը, որ ժառանգել ենք մեր պապերից։
Օրինակ ես ստեղծում եմ զարդեր, որոնք ազգային գաղափարական հենքի վրա են հիմնված ու նպատակս է, որ մարդիկ կրեն զարդերը ոչ թե առանց հասկանալու, այլև իմանան այն խորհրդանիշը, որ կրում են։ Դրա համար բոլորին բացատրում եմ ու համոզված եմ, որ իրենք էլ կպատմեն, անպայման կգտնվեն մարդիկ ովքեր կհարցնեն ու այսպես շղթայական այս ամենը կտարածվի մեր մեջ։
Մենք մշակութային մեծ անկում ունենք շատ անելիքներ կան։ Մի պատմությում հիշեցի՝ պատերազմի տարիներին մի բարձրաստիճան զինվորական է մոտենում Ուինսթոն Չերչիլին ու ասում. «Մենք պատերազմի մեջ ենք, գումար չունենք, իսկ դու բոլոր միջոցները հատկացնում ես մշակույթին, ինչու՞ ես այդպես վարվում, երբ մենք մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում»,- ու Չերչիլը նրան պատասխանում է. «Իսկ քո կարծիքով պատերազմներն ինչի՞ համար են մղվում»…