«Դու ես քո հնարավորությունների թե՛ աղբյուրը, թե՛ խոչընդոտը»
Երիտասարդ ձեռնարկատեր Անահիտ Սարիբեկյանը հիմնադրել է «Անահիտ. արվեստի անկյուն» («Anahit’s Corner») բրենդը:
Նա ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրությունը բաժինը:
Սեփական բիզնեսը սկսել է 2021 թվականի ապրիլին: Այսօր Անահիտն իր մոդելավորմամբ զարդերը ներկայացնում է Հայաստանում, սոցիալական հարթակներում, ինչպես նաև ընդունում է պատվերներ արտերկրից:
«Erit.am»-ը զրուցել է երիտասարդ ձեռնարկատեր, «Անահիտ. արվեստի անկյուն» բրենդի հիմնադիր Անահիտ Սարիբեկյանի հետ:
– Ինչու՞ որոշեցիք զբաղվել ձեռներեցությամբ:
– Ես տարբեր ընկերությունների համար եռաչափ մոդելներ էի պատրաստում: Մինչ այսօր էլ մեծ ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ իմ եռաչափ մոդելները հանրային վայրերում: Ժամանակի ընթացքում որոշեցի, որ այդ շնորհքս պետք է օգտագործեմ ոչ միայն այլ պատվիրատուների համար: Հանգամանքներից ելնելով՝ սկսեցի իմ բիզնեսը զրոյից: Մասնակցեցի բիզնես դասերի և քայլ առ քայլ առաջ եմ գնում:
– Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր բիզնեսի ոլորտը՝ զարդեր պատրաստելը:
– Ես և՛ ոսկերչության, և՛ մարմարի, և՛ փայտի փորագրության ու այլ մետաղների համար քանդակներ էի պատրաստում: Սա ինձ համար ամենահասանելին էր, քանի որ տիրապետում էի տեխնիկապես և ընկերներ ունեի, ովքեր կարող էին ինձ օգնել: Բացի այդ, այս ամենը կապ ունի նաև նորաձևության հետ, իսկ ես սիրում եմ գեղեցիկ և էսթետիկ ամեն ինչ: Պատկերացնում էի, թե ինչպիսի գեղեցիկ գործեր կստացվեն, եթե ստացվի և հիմնեմ այս բիզնեսը: Հիմա, կարծես թե, այդպես էլ լինում է:
– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում՝ նոր զարդեր պատրաստելիս:
– Ինձ նախ ավելի շատ ոգեշնչում են արդեն իսկ արված աշխատանքները: Երբ դու տեսնում ես, թե ինչ ստացար քո արած աշխատանքի արդյունքում, ուզում ես նորից անել, ավելի ու ավելի լավը ստանալ: Երկրորդ հերթին ինձ ոգեշնչում են հաճախորդների հիացական արձագանքները, այն հաճախորդները, ովքեր նորից ու նորից վերադառնում են նոր գնումների: Հենց սա է փաստում, որ գործը ստացված է: Իսկ առհասարակ մոդելներ ստեղծելիս ես փորձում եմ հասկանալ, թե ինչ պահանջարկ կա, ինչը դուր կգա մարդկանց և մոդելավորումներն անել ըստ իրենց ճաշակի, հետաքրքրությունների ու նախասիրությունների: Իհարկե նորաձևության միտումները ևս աչքաթող չենք անում:
– Ինչպե՞ս եք ընտրում զարդերի պատկերները:
– Շատ ենք օգտագործում հայկական նախշեր և կերպարներ: Ի սկզբանե նպատակ եմ ունեցել մեր մոռացված գիտելիքներն ու արժեքները զարդերի միջոցով նորից մարդկանց փոխանցել: Մինչ օրս ինչ արվել է պատմությունից վերցված է: Մարդիկ շատ անգամներ զարմանում են, քանի որ ծանոթ չեն լինում որոշ դետալների: Ես ներկայացնում եմ, թե ինչ խորհուրդ ունի, օրինակ, տիեզերքի մոդելը, շատ էին ուրախանում՝ արևախաչի մոդելները տեսնելիս, և այսպես շարունակ:
Կերպարների քանդակները ևս եզակի են՝ Նժդեհ, զորավար Անդրանիկ….. Ճիշտ է, սոցիալական հարթակները որոշակիորեն սահմանափակել են իմ հասանելիությունը բիզնես էջիս, քանի որ ունեմ Մոնթեի կերպարով զարդ ևս, բայց, այնուամենայնիվ, այդ ամենը չի խանգարում ինձ շարունակել անել իմ աշխատանքը:
– Ի՞նչ խնդիրների եք բախվել որպես երիտասարդ ձեռներեց և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել:
– Խնդիրներն, իրոք, շատ-շատ են: Նախ շատ դժվար է ստանալ ցանկալի բարձր որակը: Ես հասկացա, որ պետք է սահմանեմ նաև աշխատանքում որակի նշաձողը: Մարդիկ տեսնում են վերջնական զարդի արդյունքը, սակայն դրան հասնելու համար մենք շատ երկար և դժվար ճանապարհ ենք անցնում: Արտադրական գործընթացն է բարդ: Ամեն բան չէ, որ ինձնից է կախված: Բարդ է թիմ ձևավորելը, պատասխանատու թիմակից գտնելը: Շատ են լինում արտադրական, տեխնիկական խնդիրներ, որոնք փորձում ենք արագ հաղթահարել, որպեսզի պատվիրատուները ստանան իրենց պատվերները ճիշտ ժամանակին:
– Ըստ Ձեզ՝ ո՞ր հատկանիշներով պիտի օժտված լինի երիտասարդ ձեռնարկատերը:
– Երիտասարդ ձեռնարկատերը պետք է ճկուն լինի: Անընդհատ սովորի: Պետք է լսել մարդկանց, լսել կարծիքներ, անդադար զարգանալ, նոր գիտելիքներով զինվել, որովհետև շուկան մշտապես փոխվում է: Երբ ինչ-որ բան չի ստացվում քեզ մոտ, փորձում ես նախ մեղադրել աշխարհին, բայց ոչ քեզ: Սակայն հետո հասկանում ես, որ հենց քեզնից էր խնդիրը և դու պիտի ավելի շատ աշխատեիր, փոխեիր մոտեցումներդ: Համաձայն եմ այս խոսքի հետ. «Եթե ուզում ես աշխարհը փոխել, նախ փոխիր ինքդ քեզ»:
Ես երիտասարդ ձեռնարկատերերին խորհուրդ կտամ՝ միշտ քայլ անել առաջ: Դա դժվար է, քանի որ ամեն բան հիմա մշուշոտ է, չգիտես, թե ինչ է սպասվում քեզ: Բայց իմանալու համար, թե ինչ կլինի, պիտի չվախենաս և համարձակ քայլ անես: Հետո տեսնում ես արդեն բացված դռները, որոնց մասին երազել անգամ չէիր կարող:
Այս ընթացքում ես հասկացել եմ, որ պետք է սովորել նաև շնորհակալ լինել և երբեք ոչ ոքից ոչինչ չպահանջել: Ոչ ոք պարտավոր չէ մեզ համար ինչ-որ բան անել: Դու ինքդ ես քո աշխարհը ստեղծում: Դո՛ւ ես քո հնարավորությունների թե՛ աղբյուրը, թե՛ խոչընդոտը:
– Ի՞նչ ծրագրեր ունեք Ձեր բիզնեսի հետ կապված:
– Նպատակ ունեմ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս ավելի շատ ներկայացնել իմ աշխատանքը: Ունենալ տարբեր բուտիկներ, արվեստի անկյուններ, ինչպես նշված է նաև բրենդի անվան մեջ: Դառնալ ճանաչելի: Իմ մեծ երազանքն այն է, որ մարդիկ, երբ ցանկանան գնել ճաշակով, գաղափարական նվերներ, միանգամից հիշեն ինձ ու իմ բրենդը: Կարծես թե, արդեն ինչ-որ չափով ստացվել է, մնում է մեծացնել մասշտաբները: Չէ՞ որ գեղեցիկը պետք է տարածվի: